Երեկվանից Մինսկում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում կանանց մրցակցությունը: Կարճ ծրագրից հետո առաջնայնությունը խլել է Եվրոպայի գործող չեմպիոն, օլիմպիական վերջին խաղերի ոսկե մեդալակիր, Էթերի Թութբերիձեի սան Ալինա Զագիտովան՝ տեխնիկական ու արտիստիկ բաղադրիչների համար ստանալով ընդհանրական 75 միավոր: Հետաքրքրական է, որ նա ռուս մյուս մարզուհուն՝ Սոֆյա Սամոդուրովային, շրջանցել է ի հաշիվ արտիստիզմի համար ստացած բարձր միավորների: Սոֆյան իր ավելի փորձառու մրցակցից հետ է մնում միավորների չնչին տարբերությամբ, ինչը միանգամայն հաղթահարելի մեծություն է, ու կասկած չկա, որ հանրահայտ Ալեքսեյ Միշինի սանը հեշտությամբ չի զիջի օլիմպիական չեմպիոնին:
Անսպասելիորեն խիստ վատ մասնակցություն է ունեցել Ռուսաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Ստանիսլավա Կոնստանտինովան, որն առաջին երկուսի հետ հավասարապես դիտարկվում էր մեդալների համար պայքարողների թվում: Իհարկե, ազատ ծրագրին լավ մասնակցության դեպքում նա կարող է էապես բարելավել մրցաշարային աղյուսակում ունեցած դիրքը, սակայն հազիվ թե հույս ունենա մեդալների: Դրա համար պիտի մեկտեղվեն չափազանց շատ գործոններ, ինչը գործնականում անհնարինության ոլորտից է:
Ի միջի այլոց, չի կարելի միանշանակ պնդել, թե ոսկե և արծաթե մեդալների հարցը լուծված է, որքան էլ ռուս գեղասահորդուհիները համարվում են թիվ մեկ թեկնածուներ և կարճ ծրագրից հետո առաջին երկու հորիզոնականում են: Հիշենք Ռուսաստանի առաջնությունը, որտեղ Զագիտովան կարճ ծրագրից հետո նույնպես առաջին հորիզոնականում էր, սակայն վերջնահաշվում դարձավ հինգերորդը: Այնպես որ, քանի դեռ մրցաշարն ավարտված չէ, ոչինչ հաստատապես չի կարելի պնդել: Բոլոր դեպքերում, սպասենք հետագա զարգացումներին:
Նույն օրը սահադաշտ են դուրս եկել նաև սպորտային զույգերը: Կարճ ծրագրում ռուսական Եվգենյա Տարասովա-Վլադիմիր Մորոզով երկյակը ցույց է տվել երկրորդ արդյունքը: Առաջինն այստեղ եղել է ֆրանսիական Վանեսա Ջեյմս-Մորգան Սիպրե զույգը: Նրանք ռուսական զույգից առաջ են ոչ լրիվ երեք միավորով: Ի դեպ, այնպես չէ, թե ռուսներն իրենց հետապնդող իտալական զույգի՝ Նիկոլ Դելա Մոնիկա-Մատե Գուարիզեի նկատմամբ շոշափելի առավելություն ունեն, բնավ, այստեղ տարբերությունը հաշվվում է ավելի փոքր միավորներով. խոսքը հարյուրերորդականների մասին է:
Նկատենք, որ մեդալների համար մրցապայքարին խառնվելու հրաշալի հնարավորություն ունի ռուսական մեկ այլ զույգ` Ալեքսանդրա Բոյկովա-Դմիտրի Կոզլովսկի։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ